ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ժամանակակից գծանկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները, որոնք առաջին անգամ ներկայացվել են Տալլինում կայացած ցուցահանդեսին, արժանացել են էստոնացի փորձագետների բարձր գնահատականին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց նկարիչ Տիգրան Կիրակոսյանը։
Նկարիչները մարտի 15–ից ապրիլի 15–ը գտնվել են Տալլինում, որտեղ աշխատել են Էստոնիայի գծանկարիչների ասոցիացիայի երկու արվեստանոցներում` «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորչական օժանդակության շնորհիվ, ինչպես նաև Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գծանկարիչների ասոցիացիայի համագործակցությամբ։ «Քայլող հետքեր. Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսին նկարիչները ներկայացրել են էստոնական մայրաքաղաքում գտնվելու ժամանակ ստեղծած իրենց աշխատանքները։ Ապրիլի 10–ին բացված ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 3–ը։
«Մեր աշխատանքներն արժանացել են էստոնացի փորձառու նկարիչների դրական արձագանքներին, և դա մեզ համար մեծ ուրախություն է»,– ասաց Կիրակոսյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
«Շատ կարևոր էր, որ Էստոնիայում գտնվելու ժամանակ մենք ոչ միայն ծանոթացանք այդ երկրի մշակութային արժեքներին, այլ որոշ իմաստով նաև ինքներս մեզ ավելի լավ ճանաչեցինք։ Հետաքրքիր է, որ մենք մեզ համար շատ նոր բաներ բացահայտեցինք` ստեղծագործելով հայրենիքի սահմաններից դուրս»,– պարզաբանեց Կիրակոսյանը։
Նկարիչ Արման Վահանյանն իր հերթին նշեց, որ հայ ժամանակակից արվեստը լուրջ աջակցության կարիք ունի, մասնավորապես, պետական կառույցների կողմից։
«Ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններն անհրաժեշտ է ներկայացնել աշխարհին, և այդ հարցում պետկառույցները պետք է անմիջական ավանդ ունենան»,– կարծում է նկարիչը։
Ինչպես նշեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, նմանատիպ արտասահմանյան ցուցահանդեսները կարող են կարևոր նշանակություն ունենալ աշխարհում հայկական ժամանակակից արվեստը ներկայացնելու հարցում։
«Մեզ պետք է հարթակներ ստեղծել հասարակությանը մեր ժամանակակից նկարիչների աշխատանքները ներկայացնելու համար և, հնարավոր է` Տալլինում մեր վարպետների այս առաջին ցուցահանդեսն այդ ճանապարհին առաջին քայլը դառնա»,– ասաց Հարությունյանը։
Նկարիչների աշխատանքները կատարված են օֆսեթ լիտոգրաֆիայի, մոնոտիպիայի և օֆորտի տեխնիկայով։ Ժամանակակից գեղարվեստական գծանկարչությունն առավել վառ ներկայացված է Հայաստանում հենց այս նկարիչների ստեղծագործություններում։
2012 թվականին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակը Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթի փոխանակման, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացման և ամրապնդմանն օժանդակելն է։ -0-