ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի 90–ամյակին նվիրված միջոցառումների շարքը բացեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացած համերգով։
«Կարելի է ասել, որ այդ համերգով բացվում է Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 90–ամյակին նվիրված միջոցառումների շարքը»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Փադարյանը։
Համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Բախի, «Պոեմ–դամբանական» և հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» լիրիկական պատկերը, ինչպես նաև Պուչինիի և Ֆրանչեսկո Չիլեայի հայտնի օպերաների արիաներ մենակատարներ Իրինա Զաքյանի (սոպրանո) և Լիպարիտ Ավետիսյանի (տենոր) կատարմամբ։
Համերգի ավարտից հետո բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն Էդուարդ Թոփչյանին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը երկար տարիներ նախկին ԽՍՀՄ–ի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկն էր։ Այսօր այն համարվում է նվագախմբային պրոֆեսիոնալ արվեստի ազգային կենտրոն։ Տարբեր ժամանակներում Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեկյանը, Կոնստանտին Սարաջևը, Օհան Դուրյանը, Վալերի Գերգիևը, Լորիս Ճգնավորյանը։
2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը։ -0-