ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գրող Ղազարոս Աղայանի հեքիաթի մոտիվներով նկարահանված «Անահիտ» լիամետրաժ հայկական մուլտֆիլմի պրեմիերան կկայանա 2014 թվականի նոյեմբերին Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ռեժիսոր–մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը։
«Ֆիլմի պատրաստումն արդեն եզրափակիչ փուլում է, և կարծում եմ, որ նոյեմբերին կկայանա պրեմիերան։ Հետագայում ժապավենն անպայման կներկայացվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»,– ասաց նա։
Սահակյանցը պատմեց, որ 85 րոպե տևողությամբ ֆիլմի ամբողջ նյութն արդեն նկարահանված է, և այժմ մուլտիպլիկատորները զբաղված են եզրափակիչ աշխատանքներով, այդ թվում` ձայնային և երաժշտական ձևավորմամբ։
Ըստ նրա, հեքիաթի հերոսներին հնչունավորել են հայտնի հայ դերասաններ և երգիչներ ` Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Դավիթ Բաբայանը և Ռաֆայել Քոթանջյանը։
Մուլտիպլիկատորը նշեց նաև, որ անիմացիայի ոճով նկարած «Անահիտը» երրորդ լիամետրաժ մուլտֆիլմը կդառնա Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»– ից և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից հետո։
Ավելի վաղ ռեժիսորը հայտնել էր, որ ֆիլմը միջազգային էկրան հանելու համար հետագայում ծրագրվում է այն ռուսերեն և անգլերեն թարգմանել։-0-