Շառլ Ազնավուրը և Միշել Լեգրանը ծրագրում են մասնակցել «ARMENIA MUSIC AWARDS» մրցանակաբաշխությանը

13.03.2014, 13:16
«ARMENIA MUSIC AWARDS» իններորդ մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 6–ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում, հայտնում է Ռուսաստանի հայերի միության կայքը։
Շառլ Ազնավուրը և Միշել Լեգրանը ծրագրում են մասնակցել «ARMENIA MUSIC AWARDS» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «ARMENIA MUSIC AWARDS» իններորդ մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 6–ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում, հայտնում է Ռուսաստանի հայերի միության կայքը։

«Արմենիա պրոդաքշըն» պրոդյուսերական կենտրոնի կազմակերպած միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանում ապրիլի 7–ին նշվող Մայրության և գեղեցկության օրվան։

Միջոցառման մասնակցությունը հաստատել են Միշել Լեգրանը, Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալեգրովան, Ստաս Նամինը, Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոզի Արմենը, Դավիթ Տուխմանովը և այլ հայտնի երաժիշտներ։

Համերգային ծրագրին կմասնակցեն նաև Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Ինգա և Անուշ Արշակյանները, Թաթա Սիմոնյանը։

«ARMENIA MUSIC AWARDS»-ը Հայաստանի և սփյուռքի երաժշտական արվեստի պատմության կարևոր իրադարձություններից է։ Յոթ տարվա ընթացքում արարողության մասնակիցներ, հատուկ հյուրեր և մրցանակակիրներ են դարձել Ռուսաստանի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների մշակույթի, արվեստի և շոու-բիզնեսի հայտնի գործիչներ:

Հանդիսավոր արարողությանը ամենամյա մրցանակներ են հանձնվում Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի այլ երկրների դերասաններին, երաժիշտներին, մեդիա-ներկայացուցիչներին՝ մշակութային կյանքում ունեցած նրանց ավանդի և սեփական ձեռքբերումների համար: -0-