ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ դերասանների արած ինքնանկարը դարձել է Twitter սոցցանցի ամենահայտնի լուսանկարը, մեկ ժամվա ընթացքում այն դիտել է գրեթե 2 մլն մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable տեխնոբլոգին։
Դերասանների ինքնալուսանկարն իր էջում տեղադրել է արարողության հաղորդավար, դերասանուհի Էլեն Դեջեներսը։ Բջջային հեռախոսից արված լուսանկարի մեջ Դեջեներսի հետ միասին լուսանկարվել են Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Մերիլ Սթրիփը, Ջարեդ Լետոն, Բրեդլի Քուպերը, Քևին Սփեյսին և ևս մի քանի դերասաններ։ «Եթե միայն Բրեդլիի (Քուպեր) ձեռքերն ավելի երկար լինեին», – լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Դեջեներսը` ակնարկելով, որ ոչ բոլոր դերասաններն են հայտնվել կադրում։
Հրատարակության տվյալներով` ավելի վաղ սոցցանցում լուսանկարի տարածման ռեկորդը պատկանում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարին` «ևս չորս տարի» գրառումով, որի մեջ ԱՄՆ նախագահը պատկերված է տիկնոջ` Միշելի հետ։ Ըստ հրատարակության տվյալների` այն տարածել է ավելի քան 778 հազար մարդ։
Սա առաջին դեպքը չէ, որ ինքնանկարն արժանանում է համաշխարհային ԶԼՄ–ների ուշադրությանը։ 2013 թ.–ի վերջին թերթերն ու կայքերը տարածել էին Օբամայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Դանիայի կառավարության ղեկավար Հելլե Թորնինգ–Շմիտի լուսանկարը, որը նրանք լուսանկարել էին հեռախոսի միջոցով ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողության ժամանակ։–0–