Հայտարարվեցին Հայաստանում բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացված «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները

27.02.2014, 19:54
Հայտարարվեցին Հայաստանում բրիտանական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնի (22 փետրվարի – 16 մարտի) շրջանակներում անցկացված «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները, հայտնում է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը։
Հայտարարվեցին Հայաստանում բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացված  «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտարարվեցին Հայաստանում բրիտանական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնի (22 փետրվարի – 16 մարտի) շրջանակներում անցկացված «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները, հայտնում է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը։

Այս տարի բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդկանց ներառական և հաղորդակցային արդի խնդիրներին։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշակերտների շրջանում անցկացված «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները մրցանակներ են ստացել «ԱրմենՏել» ՓԲԸ–ից և Բրիտանական Խորհրդից։

Նախքան մրցույթի մեկնարկը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ը վարպետության դասեր է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։

Լավագույն են ճանաչվել Մարիամ Բորեցյանի, Մարիա Սարգսյանի, Մարինե Գազազյանի և Տիգրան Ղալեչյանի աշխատանքները։  Հեղինակները պարգևատրվեցին Sony Xperia E C1505 սմարթֆոններով:

«Դասընթացի մասնակիցներին փորձել եմ սովորեցնել, որ պատմության վիզուալ ներկայացումը շատ կարևոր գործոն է: Ոչ բոլոր ֆիլմերը պետք է ծանրաբեռնված լինեն երկխոսություններով, կինոն նաև պատմությունների վիզուալ ներկայացումն է` հնչունային բաղադրիչի ստեղծագործ օգտագործմամբ: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա փորձել ենք կենտրոնանալ դասընթացների ընթացքում»,- նշում է Մեթ Հալսը:

««ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր իրենց ստեղծարար մտածելակերպով և հետաքրքիր լուծումներով հիացրեցին հանձնաժողովի անդամներին։ Համոզված եմ , որ այս տաղանդաշատ երիտասարդներից շատերը իրենց դերը կխաղան հայկական կինոարվեստի զարգացման գործում, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կդարձնեն կյանքն ավելի լավ»,– նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից Մեծ Բրիտանիայի, ՅՈՒՆԻՍԵՖ–ի և «ԱրմենՏել» ՓԲԸ–ի աջակցությամբ կազմակերպած բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ծրագրված է վերջին տարիներին բրիտանացի կինեմատոգրաֆիստների ստեղծած ինը ֆիլմերի ցուցադրություն։ -0-