ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Մրցույթը նվիրված է Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին։
«Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Ընտրված 10 սցենարներով կնկարահանվեն ֆիլմեր»,– ասվում է հաղորդագրությունում։
Լավագույնը ճանաչված երեք սցենարները կպարգևատրվեն 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, իսկ մյուսները՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել [email protected] Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: -0-