ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում փետրվարի 22–ից մինչև մարտի 16–ը կանցկացվի բրիտանական ֆիլմերի 12–րդ ամենամյա փառատոնը, հաղորդվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի Facebook-ի պաշտոնական էջում։
Այս տարի փառատոնը նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին նկարահանված մոտ տասը ֆիլմ։
«Փառատոնը կմեկնարկի փետրվարի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ, որը ստեղծվել է Ջոնաթան Սմիթի վեպի հիման վրա», – հաղորդում են կազմակերպիչները։
Ֆիլմերը կցուցադրվեն անգլերենով Երևանի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Միայն մեկ օր` փետրվարի 28–ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում կցուցադրվի մեկ ֆիլմ։ Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ և մրցույթներ։
Փառատոնի շրջանակներում ֆիլմեր կցուցադրվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում։
Կինոդիտումների ժամանակացույցին և ֆիլմացանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival/films։
Փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ—ի և «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ։–0–