ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լավաշն իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային ժառանգությունն է, ասել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության փորձագետ Յադոլու Պարմունը, ում խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությունը։
2013 թ.–ի դետեմբերին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտարարել էր, որ հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում։ Նրա խոսքով`«Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» անունով հայտի վերջնական ձևն արդեն պատրաստ է և կքննարկվի այս տարվա դեկտեմբերին Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Ոչ նյութական մշակույթը չափազանց բազմազան է, և երկու հարևան երկրների միջև գոյություն ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, որոնց թվում է նաև լավաշը», – ասել է Պարմունը։
Միաժամանակ փորձագետը կասկած է հայտնել, թե Իրանը կարող է համոզել Հայաստանին հետ վերցնել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացրած հայտը։
«Իրանը կարող է բանակցություններ սկսել Հայաստանի հետ լավաշի վերաբերյալ, սակայն ես կարծում են, որ նրանք (հայերը) չեն ցանկանա զրկվել այդ հնարավորությունից», – նշել է նա։
Պարմունը նաև հիշեցրել է, որ ամեն տարի յուրաքանչյուր երկիրն իր մշակութային ժառանգության միայն մեկ նմուշը ցանկում ներառելու հայտ ներկայացնելու իրավունք ունի։
Փորձագետը նաև նշել է, որ Իրանում այժմ իրանական ողջ մշակութային ժառանգության ցուցակագրման աշխատանքներ են ընթանում։–0–