«Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ փառատոն կկայանա ապրիլին

12.02.2014, 18:35
Երաժիշտ –կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը` նվիրված Արմեն Տիգրանյանի 135 ամյակին, տեղի կունենա 2014թ.–ի ապրիլի 10–ից 19–ը Գյումրի քաղաքում, հայտնում են փառատոնի կազմակերպիչները:
«Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ փառատոն կկայանա ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երաժիշտ –կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը` նվիրված Արմեն Տիգրանյանի 135 ամյակին, տեղի կունենա 2014թ.–ի ապրիլի 10–ից 19–ը Գյումրի քաղաքում, հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Փառատոնի կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: «Վերածնունդ» փառատոնի շրջանակներում երաժշտական մրցույթները կանցկացվեն 2014թ ապրիլի 11-17ը Գյումրի քաղաքում:

Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ 12 միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լև Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր եւ երաժշտագետ Եվգենի Կոստիցինը (ԱՄՆ), ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան) եւ այլոք: Մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մշակույթների երկխոսություն. «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաեւ տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում:

Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի երաժշտական մրցույթներին մասնակցելու են 2700 երաժիշտ կատարող՝ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 11 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Իրենց անվանակարգերում բացարձակ 11 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի,իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝առաջին, երկրորդ,երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ փառատոնի հանդիսավոր բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում,իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին: Գյումրու Երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը՝ երաժիշտ կատարողների «վերածնունդ» փառատոնը սկիզբ է առել 2007թ.:

Մրցույթ փառատոնի հիմնական նպատակն է նպաստել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ–կատարողների միջև նոր ստեղծագործական և բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միևնույն ժամանակ, ընձեռել հնարավորություն իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:-0-