ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անվանի կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված թանգարան–ինստիտուտ կբացվի սեպտեմբերին Երևանում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Այս տարի նշվում է Կոմիտասի 145–ամյակը։ Հանդիսավոր միջոցառումների շարքում նախատեսվում է նաև սեպտեմբերին թանգարան–ինստիտուտի բացումը», – ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ թանգարանի շինարարությունը սկսվել է դեռևս 2012 թ.–ին։ Շինության ընդհանուր մակերեսը կկազմի 3 հազար քառակուսի մետր։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` թանգարանը կառուցվում է Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ Թանգարանը կգտնվի Մշակույթի նախկին պալատի տեղում։ Շենքի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։
Թանգարանային համալիրը ներառում է հետազոտական կենտրոն, համերգասրահ, գրադարան և հրատարակչություն։
Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: –0–