Հայաստանի ազգային կինոկենտրոնը չորեքշաբթի ներկայացրել է «Կինոաշխարհ» ամենամսյա թերթը: Ինչպես միջոցառմանը հայտնեց նոր պարբերականի գլխավոր խմբագիր Անահիտ Հարությունյանը, թերթի հիմնական նպատակն է՝ կինոյի աշխարհի մասին առավել ամբողջական և բովանդակալից տեղեկության տրամադրումը:
«Մենք շատ բան ենք կորցրել վերջին 20 տարիներին, մասնավորապես, կինոյի մասին տեղեկատվության ոլորտում, և այժմ այդ ամենը վերականգնելու փորձ ենք անում: Անցյալում նմանատիպ փորձեր արդեն եղել են, հրատարակվել են ամսագրեր, սակայն կարծում ենք, որ դա բավարար չէ»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ թերթի նպատակային լսարանը կկազմեն ինչպես կինեմատոգրաֆի հետ սերտորեն կապված մարդիկ, այնպես էլ պարզապես կինոսիրողներ:
Նա նշեց, որ թերթի էջերին կտեղադրվեն կինոյի խնդիրներին վերաբերող հոդվածներ, ինչպես նաև ճանաչողական տեղեկություններ հայտնի կինոգործիչների, հայկական կինոյի աշխարհում տեղ գտած նվաճումների և նոր ծրագրերի մասին, հայկական ֆիլմերի գրախոսություններ և նոր կինոնախագծերի վերաբերյալ տեղեկություններ:
Հարությունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց հոդվածներն են ներկայացրել թերթի առաջին համարին:
Թերթի տպաքանակը կկազմի մոտ հազար օրինակ, դրա ստեղծման նախաձեռնությունն ամբողջությամբ պատկանում է Կինոկենտրոնին և իրականացվում է վերջինիս տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ:
Թերթը կունենա այնպիսի բաժիններ, ինչպես՝ «Կինոյի խնդիրները», «Ծրագրեր», «Փառատոներ», «Հայկական կինոյի մեծ գործիչներ», «Հարցազրույցներ», «Նկարահանման հրապարակ», «Երիտասարդ կինոքննադատների ամիբիոն», «Երաժշտությունը կինոյում»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մտադիր էր զբաղվել թերթի հրատարակմամբ տարվա ընթացքում, սակայն ամսաթերթը լույս տեսավ մի փոքր ուշ՝ կապված ֆինանսական և կազմակերպչական հարցերի հետ: -0