ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Էստոնիայի Տարտու և Տալլին քաղաքներում տեղի է ունեցել Ռիխո Վյաստրիկի «Ճանապարհորդություն դեպի Արարատ» նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թուրքիայում Էստոնիայի դեսպանատան աշխատակից Վախուր Լուխտսալուն, ով այդ պահին արդեն ավարտել էր իր գործունեությունը, կինովավերագիր Ռիխո Վյաստրիկին նամակ գրեց՝ առաջարկելով մասնակցել լեռնագնացությանը դեպի Արարատ լեռը:
Լուխտսալուն նախատեսում էր լեռը բարձրանալ 2009 թ.-ի հոկտեմբերին՝ ուղիղ 180 տարի անց այն բանից հետո, երբ այս հռչակավոր գագաթը նվաճեց Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսոր, բժիշկ և գիտնական Ֆրիդրիխ Պարրոտը:
Լուխտսալուն առաջարկեց Վյաստրկին ֆիլմ նկարահանել այդ պատմական լեռնագնացության մասին:
Բացի Վյաստրիկից և Լուխտսալուից, լեռնագնացությանը մասնակցեցին նաև էստոնական ալպինիզմի վետերան Յաան Կյունապն ու երկու երիտասարդ ալպինիստներ: Իսկ խմբում ընդհանուր առմամբ 50 մարդ կար, ովքեր հիմնականում Թուրքիայից, Հունաստանից և Լեհաստանից էին:
Ֆիլմի տևողությունը մոտավորապես 1 ժամ է, սակայն լեռնագնացությանը նվիրված է ֆիլմի միայն վերջին քառորդը: Ֆիլմը հիմնականում նվիրված է պատմությանը, մակույթին և մշակութային ինքնագիտակցմանը:
Հարյուրամյակների ընթացքում այս սուրբ լեռը գտնվել է հայկական տարածքում, և Արարատը դարձել է հայերի ազգային խորհրդանիշը:
Սակայն արդեն շուրջ հարյուր տարի է՝ հայերը ստիպված են նայել իրենց սուրբ լեռանը փշալարարերի միջով: Այս կադրերով էլ սկսվում է ֆիլմը:
«Ես շատ եմ կարդացել Հայաստանի մասին և ցնցված եմ, թե ինչի միջով է անցել այս ժողովուրդը... Իհարկե, մենք գիտեինք, թե ինչ է Արարատը հայերի համար, սակայն իրականությունը գերազանցեց բոլոր սպասումները», - խոստովանում է Վյաստրիկը:
Սուրբ լեռան անվանումն ու նրա ուրվագծերը բազմաթիվ տարբերակներով հանդիպում են Հայաստանում ամեն քայլափոխի: Ինչպես ֆիլմում պատմում է դպրոցներից մեկի ուսուցչուհին, եթե հայ երեխային խնդրես որևէ բան նկարել, ապա նա անպայման կնկարի Արարատ լեռը:-0-