Թատրոնի և կինոյի հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը, ով կրկնօրինակել է Լուի դը Ֆյունեսին ու Ալեն Դելոնին, ուրբաթ մահացել է Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Կարոտ» փառատոնի հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Կարապետյանի աճյունը կամփոփվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:
Արտյոմ Կարապետյանը ծնվել է 1926 թվականին Թբիլիսիում: 1949 թվականին Թբիլիսիում ավարտել է Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիան և դարձել Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան: 1953 թվականից խաղացել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, 1954-1955 թվականներին աշխատել է Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1957-1961թթ.-ին Կարապետյանը եղել է Հայկական պետական հեռուստառադիոյի, 1961 թվականից՝ Մ. Գորկու անվան կինոստուդիայի աշխատակից:
Նրա ձայնը հնչում է յուրաքանչուր երրորդ վերահնչունավորած ֆիլմում կամ սերիալում, նրա ձայնով են խոսում Լուի դը Ֆյունեսը, Ժերար Ֆիլիպը, Իվ Մոնտանը, Ալեն Դելոնը:--0-