Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի սկանդինավյան պրեմիերան տեղի կունենա 2012թ.-ի հունվարի վերջին՝ հեղինակային կինոյի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր Գյոթեբորգյան կինոփառատոնի (Göteborgs filmfestival) շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆիլմի գլխավոր դերակատար, դերասանուհի Արմինե Անդան:
«Բացի այդ, մենք բազմաթիվ հրավերներ ենք ստացել տարբեր հեղինակավոր փառատոներից: Ինչ վերաբերում է կինոնկարի երևանյան պրեմիերային, մենք դեռ մի քիչ էլ կսպասենք, քանի որ ուզում ենք պատշաճ մակարդակով պատրաստվել դրան»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Անդան:
«Ժաննան և ձայները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա հոկտեմբերին Պուսանում անցկացվող միջազգային կինոփառատոնի՝ Busan International Film Festival-ի շրջանակներում: Պուսանի միջազգային կինոփառատոնի մասնակցության համար ներկայացված բոլոր կինոնախագծերից ընտրվել է հատկապես հայ ռեժիսորի ֆիլմը:
Ըստ դերասանուհու, ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև Պուսանի փառատոնի շրջանակներում հաջորդ ցուցադրումները, մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես երիտասարդ կորեացի կինոսիրահարների, այնպես էլ այլ միջազգային փառատոների ներկայացուցիչների մոտ:
«Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009թ.-ին և շուրջ երկու ամիս են տևել, սակայն կինոնկարի նախագծի վրա տարված աշխատանքը սկսվել է դրանից ավելի վաղ և տարիներ է տևել: Ֆիլմարտադրությունն իրականացվել է ՀՀ ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և Գյոթեբորգյան կինոփառատոնի աջակցությամբ»,-ավելացրեց նա:
Սցենարի հեղինակ և կինոնկարի ռեժիսոր Միքայել Վաթինյանն իր հերթին պատմեց, որ ի սկզբանե ֆիլմի ստեղծման համար ազդակ է ծառայել Ժաննա Դ’Արկի պատմությունը:
Ֆիլմի հերոսուհին՝ նույն Ժաննան, ձայներ է լսում, բայց ոչ թե հրեշտակների, այլ մարդկային ձայներ, որոնք իրեն կանչում և խնդրում են օգնել մի անձնավորության: Ժաննան առանց տատանվելու գնում է այդ մարդուն փնտրելու: Նա շրջում է երկրով և ճանապարհին շատ մարդկանց է հանդիպում: Պատմությունը երջանիկ ավարտ է ունենում՝ Ժանան գտնում է նրան, ում փնտրում էր և փրկում նրան:
.
«Մենք ուզում էին այնպիսի հերոսուհու ընտրել, ով բոլոր կապերը չի խզել արտաքին աշխարհի և այլ մարդկանց հետ, ով չի տառապում կլաուստրաֆոբիայով և բացահայտ հետևում է իր նպատակներին»,- ասաց Վաթինյանը:
Ինչպես ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, «Ժաննան և ձայները» ֆիլմը համատեղ կինոարտադրության լավագույն նմուշ է և պետք է երիտասարդ հայ կինոռեժիսորներին սովորեցնի, որ միջոցների և բավարար պայմանների պակասի դեպքում հնարավոր է աջակցություն ստանալ տարբեր կառույցներից և ավարտին հասցնել աշխատանքը:
«Շատ դժվար է սեփական ֆիլմը ներառել ինչ-որ միջազգային կինոփառատոնի ծրագրում: Շատ հայ ռեժիսորներ, Ռուսաստանի կինոփառատոներում ինչ-որ պարգևներ ստանալով, կարծում են, որ մեծ բարձրունքների են հասել, բայց նրանց պարգևները վերջին հաշվով ոչինչ չարժեն: Այն փաստը, որ Վաթինյանի կինոնկարը հրավիրվել էր այդքան կարևոր փառատոնի, արդեն մեծ հաղթանակ է»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի, ֆիլմը պատմում է մարդկային մենակության մասին, այն մասին, թե ինչպես են մարդիկ կարողանում զգալ կամ չզգալ միմյանց, այն մարդկանց մասին, ովքեր ինչ-որ բան փնտրելու համար հետպատերազմյան ժամանակաշրջանում (ղարաբաղյան ազատագրման պատերազմից հետո. «Նովոստի-Արմենիա) թափառում են երկրով և չգիտեն պատերազմը վերջացել է, թե ոչ, իրենք ողջ են, թե ոչ:
«Իմ ընկերները, հայտնի կինոքննադատները, աշխարհի տարբեր երկրների ռեժիսորներ հիացած էին կինոնկարով, և հաշվի առեք՝ դրանք այն մարդիկ են, որոնց շատ դժվար է զարմացնել ինչ-որ բանով»,- ավելացրեց նա:
Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Միքայել Վաթինյանը և Արմինե Անդան: Կինոնկարի բեմադրող օպերատորն է Թամամ Խամզանը (Սիրիա), բեմադրող նկարիչն է Իվան Կրչադինացը (Սերբիա), կոմոպզիտորն է Արթուր Մանուկյանը:
Ֆիլմը նաև հրավիրված է 2012թ.-ի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
Պուսանում անցկացվող միջազգային կինոփառատոնը (Busan International Film Festival) Ասիայի խոշորագույն կինոփառատոներից է, որն ամեն տարի՝ 1996թ.-ից սկսած, անցկացվում է հարավկորեական Պուսան քաղաքում: Ներկայացնում է սկսնակ ռեժիսորների նոր ֆիլմերն ու աշխատանքները:
Գյոթեբորգյան կինոփառատոնն ամեն տարի՝ 1979թ.-ից սկսած, անցկացվում է Գյոթեբորգում (Շվեդիա): Գյոթեբորգյան կինոփառատոնը նույնպես կարևոր նշանակություն ունի՝ կինոարդյունաբերության բնագավառում կնքված պայմանագրերի տեսանկյունից: -0-Ա.Բ.