ՀՀ մշակույթի նախարարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը 2011-2013 թթ.-ի մշակութային համագործակցության գործնական ծրագիր ստորագրեցին:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարին:
Հիմնվելով 1997 թ. մարտի 17-ին Կահիրեում ստորագրված <<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին>> Համաձայնագրի դրույթների վրա, ծրագիրը նախատեսում է խրախուսել 2 երկրների միջև թատերարվեստի և երաժշտարվեստի բնագավառներում համագործակցությունը. մասնավորապես նախատեսել ազգային օպերային թատրոնների, ազգագրական, ժողովրդական գործիքների խմբերի փոխանակումներ, աջակցել կինոարվեստի, կերպարվեստի և կիրառական արվեստի ոլորտում 2 երկրներում կազմակերպվող արվեստի միջազգային փառատոներին կողմերի մասնակցությանը: Նախատեսվում է նաև մասնակցություն մանկական ֆիլմերի միջազգային փառատոներին:
Գործնական ծրագրի դրույթներին համապատասխան կշարունակվի համագործակցությունը նաև 2 երկրների ազգային գրադարանների միջև. կկազմակերպվեն փորձի փոխանակումներ իրենց ազգային ժառանգության պահպանության, վերականգնման և թվայնացման ոլորտներում, հրատարակությունների փոխանակումներ, դասընթացներ, սեմինարներ և միջազգային համաժողովներ: Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև հրատարակչական ոլորտը. աջակցություն կցուցաբերվի գիտական աշխատությունների հրատարակման և թարգմանության ոլորտներում փորձի փոխանակմանը, 2 երկրներում կազմակերպվող գրքի միջազգային ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցությանը և գրքարվեստի ոլորտին առնչվող բազմաբնույթ այլ ծրագրերի ևս:--0-