Երեխաների նկարահանած ֆիլմերը կընդգրկվեն Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում, որը կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 22-26-ը, հայտարարեց Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական բաժնի նախագահ Նունե Մանուկյանը:
«Ավանդական դարձած անվանակարգերից, պրեմիերաներից և վարպետության դասերից բացի, այս տարի մենք նոր ծրագրեր ունենք, քանի որ ամեն տարի աշխատում ենք փառատոնի ընդլայնման և զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, «Ամեն ինչ երեխաներից» (All by kids) ծրագրում ընդգրկվել են երեխաների մասին աշխարհի տարբեր երկրների հենց երեխաների կողմից նկարահանած ֆիլմեր»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով, առաջին անգամ ինը երեխաներ Վրաստանից, Հայաստանից և Թուրքիայից կմասնակցեն վարպետության դասի, որի արդյունքում կնկարահանվի անիմացիոն ֆիլմ:
Փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, նախատեսված է նաև փառատոնի մարզային ծրագիր, որը կտևի 40 օր՝ ներառյալ դեկտեմբերի 25-ը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:
Մանուկյանը պատմեց, որ փառատոնի շրջանակներում կմեկնարկի նաև «Երկրի Օր» նոր ծրագիրը, որն այս տարի նվիրված կլինի Ճապոնիային:
Այդ ծրագրին մասնակցելու նպատակով կժամանեն Ճապոնիայի Մանկական փառատոնի հիմնադիր և պրոդյուսեր Միցուո Թախիրան և Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանության տեղեկատվական բաժնի ղեկավար Իսիձե Մոտոյուկին:
Փառատոնի ծրագրում ընդգրկվել են նաև, մասնավորապես, բանաստեղծ և կոմպոզիտոր Յուրի Էնտինի և թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Իվառ Կալնիշի ստեղծագործական երեկոներ:
Փառատոնի պատվավոր հյուրեր կլինեն Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայտնի կինոգետ Արմեն Մեդվեդևը, ուզբեկ ռեժիսոր Ջասուր Իսխանովը, «Երալաշ» ռուսական հայտնի կինոամսագրի հեղինակ Բորիս Գրաչևսկին, Վրաստանի «Պիոներֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Գրիգոլ Չիգոգիձեն, Ղազախստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Իգոր Վովնյանկոն:
Փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական հիմնադրամի կողմից և կանցկացվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի և Համագործակցության եվրասիական հիմնադրամի օժանդակությամբ: -0-