Հիմնադրի փոփոխությունն ու նոր կանոնադրությունը չպետք է որևէ կերպ ազդեն Էրմիտաժի գործունեության վրա, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Այժմ մենք փոխում ենք Էրմիտաժի կանոնադրությունը, և այն վերջնական կհաստատվի Ռուսաստանի կառավարության կողմից: Մնացած ամեն ինչ նախկինի պես կլինի՝ Մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Այսպիսով, սա Էրմիտաժի կարգավիճակի հարցն է», - ընդգծել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը տեղեկացրել էր, որ երկրի ամենամեծ թանգարանի հիմնադիրը կդառնա ՌԴ կառավարությունը՝ փոխարինելով Մշակույթի նախարարությանը: Նա նաև ընդգծել էր, որ այս իրադարձությունը որևէ կերպ չպետք է ազդի ֆինանսավորման համակարգի վրա:
Նա նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահի հրամանի համաձայն՝ Էրմիտաժը գտնվում է նրա ուղղակի ենթակայության ներքո՝ որպես թանգարան և ռուսական պետականության հուշարձան, ինչն առանձին տող է ապահովում պետական բյուջեում:
Պիոտրովսկու կարծիքով՝ կանոնադրության փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի թանգարանի աշխատանքի վրա: «Դա գրեթե ընթացակարգային հարց է: Այս կերպ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ Էրմիտաժը հիմնադրել է Եկատերինա կայսրուհին», - ավելացրել է թանգարանի ղեկավարը:-0-