«Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի շաբաթ օրը
«Մանկական Եվրատեսիլ-2011» (Eurovision Junior - 2011) երգի միջազգային մրցույթի ազգային փուլի ընտրական մասը, որի ընթացքում կորոշվի Հայաստանը ներկայացնող մասնակիցը, տեղի կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, հաղորդում են մրցույթի պաշտոնական կայքում:
«Շաբաթ օրվա համերգի ընթացքում բոլոր մասնակիցները հատուկ այդ օրվա համար գրված երգ կկատարեն: Նաև ֆիլմ կցուցադրվի, որը նկարահանվել է մրցույթի երկրպագուների կողմից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախագծի համակարգող Գոհար Գասպարյանը:
Ազգային ընտրության եզրափակիչ փուլը մեկնարկում է ժամը 19:00-ին և հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:
Գասպարյանը նշեց, որ եզրափակիչ փուլին կմասնակցի 16 մասնակից Երևանից և ՀՀ մարզերից:
«Մրցույթի կանոնների համաձայն, մասնակիցը կամ խումբը պետք է ինքը գրի այն երգը, որը պատրաստվում է կատարել: Սակայն ծնողների, պրոդյուսերների համահեղինակությունը չի արգելվում»,- նշեց նա:
Գասպարյանը նաև ավելացրեց, որ ընտրական փուլի եզրափակիչ մասում կհնչեն մանկության, դպրոցի, պարերի, բնության և երազանքների մասին երգեր:
«Մենք շատ հագեցած ծրագիր ենք նախատեսել սեպտեմբերի 17-ի համար: Բոլոր մասնակիցները հանդես կգան կենդանի կատարմամբ: Հաղթողը կորոշվի ժյուրիի որոշմամբ և հեռուստադիտողի հաղորդագրությունների արդյունքում՝ 50-50 սկզբունքով»,- ընդգծեց նա:
2010թ.-ի նոյեմբերի վերջին Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2010»-ին հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Ղարաբաղի բնակիչ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: -0-