Հայաստանի առաջին ազգային կինոմրցանակը կհանձնվի այս տարվա նոյեմբերին, տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Մրցանակը կլինի ամենամյա, մրցանակաբաշխության ժամանակ կգնահատվեն նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Սակայն այս տարի Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ թեկնածուների ցուցակում կընդգրկվեն նաև վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ այս տարի ժյուրին ընդհանուր առմամբ 300-500 հայկական ֆիլմ կուսումնասիրի, սակայն հետագա տարիների ընթացքում ֆիլմերի թիվը կկրճատվի:
Գևորգյանը տեղեկացրեց, որ կինոմրցանակը նախատեսում է 13 անվանակարգ, որոնց թվում են՝ լիամետրաժ, կարճամետրաժ, գեղարվեստական, վավերագրական կինոն:
Գևորգյանն ընդգծեց, որ նոր կինոմրցանակը ոչ միայն ազգային կինեմատոգրաֆը կվերադարձնի հանդիսատեսին, այլև լրացուցիչ ազդակ կդառնա կինոգործիչների ստեղծագործական գործունեության համար:
Առաջին կինոմրցանակի ժյուրիի կազմը կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի հայտնի արտիստ Սոս Սարգսյանը: Ժյուրիի կազմում ներառված են հայտնի կինոգործիչ և արվեստագետ Հենրիխ Հովհաննիսյանը, թատերագիր Կարինե Խոդիկյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, գրող և հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը, ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, արվեստագետ Նարեկ Թովմասյանը, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանն ու կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:-0-