Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջին գրատունը բացվել է Երևանում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջին գրատունն ուրբաթ բացվել է Երևանի կենտրոնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ:
«Դպրոցի նման գրախանութը կրթական առաքելություն է կատարում, և մենք շատ ուրախ ենք, որ այժմ Երևանում հոգևոր գրականության նման կենտրոն կա, որի հետ կարող են ծանոթանալ մեր քաղաքի բոլոր բնակիչները»,- ասաց Ամիրյան փողոցում գործող խանութի տնօրեն Կարեն Հակոբյանը:
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն իր հերթին ցավով նշեց, որ ժամանակի ընթացքում հայ հասարակության մեջ նվազել է ընթերցանությունը, գրատները վերածվել են այլ հաստատությունների:
«Նորին Սրբությունը, կարևորելով ընթերցանությունն ու գիտելիքը, ցանկացավ, որ բացվի այս գրատունը, որպեսզի հայորդիները հնարավորություն ունենան ծանոթանալ մեր ժողովրդի և Եկեղեցու պատմությանը, հոգևոր գրականությանն ու Եկեղեցու դավանաբանությանը»,- ասաց նա: -0-