Վարդան Պետրոսյանը կներկայացնի երիտասարդության խնդիրների մասին պատմող «Սեռասարսափ» կինոներկայացումը
Հայտնի հայ դերասան, երգիծաբան և դրամատուրգ Վարդան Պետրոսյանն օգոստոսի 8-ին և 9-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնի ժամանակակից երիտասարդության բարդույթների և խնդիրների մասին պատմող «Սեռասարսափ» կինոներկայացումը:
«Սցենարը երկար ճանապարհ է անցել: Այն զարգացել է համաշխարհային ցնցումներին և քաղաքական իրադարձություններին զուգահեռ, և միշտ փոխել է իր անվանումը՝ «Մի վախեցեք», «Հիսուսը մեզ հետ է», «Յո երթաս»: Այնուհետև նա հանկարծակի ստացել է «Սեռասարսափ» անվանումը, քանի որ դրանում միշտ քննարկվում են այն հարցերը, որոնց մասին մենք և խոսում, և լռում ենք, մենք դրանց պատասխան ենք փնտրում, բայց չգիտես ինչու չենք ցանկանում քննարկել»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը:
Երգիծաբանը պատմեց, որ իր կինոներկայացման մեջ պատմվում է երկու դասընկերների՝ գործարարի և թեթևաբարո կնոջ անսպասելի հանդիպման պատմությունը: Ըստ սյուժեի՝ դպրոցական տարիներին միմյանց սիրող մարդկանց հուզիչ և դրամատիկ հանդիպումը վերածվում է իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերության:
Պետրոսյանն ընդգծեց, որ բեմում նաև էկրան կտեղադրվի, ինչը թույլ կտա ներկայացման աուդիո-վիզուալ արդյունք ստեղծել:
Դերասանը նշեց հետաքրքրաշարժ մանրուքը՝ ներկայացման մեջ իշխանությունների և ընդդիմության միջև փոխհարաբերությունների մասին «Շախմատային դիվանագիտություն» անվանումով սկետչ կա, որը նա գուշակել է ավելի վաղ, քան հայկական իշխանությունների և ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի միջև երկխոսության բանակցություններ կսկսվեին:
Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ ներկայացման ընթացքում նաև կքննարկվեն երիտասարդության այնպիսի արդիական խնդիրները, ինչպիսին է կրթության պաշտամունքը, որը վեր է ածվել «օժիտի համար» դիպլոմ ստանալուն, սիրային հարաբերությունները, որոնք ցուցադրական բնույթ են կրում:
Միաժամանակ դրամատուրգն ընդգծեց, որ ստեղծագործության մեջ իր վերջնական նպատակը ոչ թե հասարակության դաստիարակումն է, այլ անձի ինքնաճանաչման հասնելը:
Ըստ նրա, ժամանակակից երիտասարդությունը միայնակ է և ավագ սերնդի օգնության կարիք ունի:
Երգիծաբանը նշեց, որ երիտասարդության հիմնական խնդիրն այն է, որ ժամանակակից կյանքի հովերն ընդունելով, վերջին հաշվով, ստիպված են հնազանդվել հին ավանդույթներին: -0-