Արվեստի առևտրայնացումը խանգարում է Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքին պահպանել հայկական մշակույթի հոգևոր օջախները, երեքշաբթի լրագրողներին ասաց ֆրանսիացի կինոռեժիսոր և հայկական ծագումով դերասան Ժիրայր Բաբազյանը:
«Հավանաբար դա ամերիկյան կապիտալիզմի ազդեցության արդյունքն է, որի համաձայն ամեն ինչի արժեքը, այդ թվում նաև՝ արվեստի, որոշվում է դրա օգտակարությամբ»,- ասաց նա:
Ըստ նրա, աշխարհայացքային նման համակարգը լայն տարածում է գտել ողջ աշխարհում:
«Այս ամենը բացատրվում է նրանով, որ արվեստն այնքան զգալի եկամուտներ չի բերում, որքան բիզնեսը»,- խոստովանեց ռեժիսորը:
Բաբազյանը նաև նշեց, որ դա է թատերարվեստի, կինոյի, երաժշտության և գրականության զարգացման համար հովանավորչական միջոցների պակասի հիմնական պատճառներից մեկը:
Ժիրայր Բաբազյանը Փարիզում «Իրինա Բրուկ Քոմփընի» ընկերության հիմնադիրն է, նա նաև «Տիգրան Չուխաջյան» փարիզյան հետազոտական կենտրոնի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրն է:
Բաբազյանը զբաղվում է հայկական թատերարվեստի զարգացման խնդիրներով՝ հայկական մշակույթը համաշխարհային թատերաբեմերում ներկայացնելով անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Երկար տարիներ նա զբաղվել է սփյուռքում պրոֆեսիոնալ թատերախմբերի ստեղծմամբ, մասնավորապես՝ Կահիրեում, Լոնդոնում, Լոս Անջելեսում:
2009թ.-ին Բաբազյանը «Ամառային գիշերվա երազ» և «Դոն Կիխոտ» ներկայացումների բեմադրման համար «Թատրոն» անվանակարգում պարգևատրվել է հայ գրականության դասական գրող Վահան Թեքեյանի մրցանակով: -0-