Ամառային համաշխարհային կինովարձույթում ամենասպասված «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» (Harry Potter and the Deathly Hallows: Part 2) ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա ուրբաթ՝ հուլիսի 22-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Մոսկվա» կինոթատրոնից։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ պրեմիերան տեղի կունենա հուլիսի 21-ին, բայց որոշակի խնդիրների պատճառով ֆիլմի ցուցադրումը մեկ օրով հետաձգվել է։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 7-ին Լոնդոնում։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է հուլիսի 13-ին, իսկ հուլիսի 15-ից ֆիլմը համաշխարհային վարձույթ է հանվել։
Ինչպես բացատրեցին «Մոսկվա» կինոթատրոնից, երևանյան պրեմիերայի հետաձգման պատճառը հուլիսի 10-17-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնի անցկացումն էր։
Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի ութերորդ և վերջին մասը սկսել էր տոմսերի վաճառքի ռեկորդներ սահմանել մինչ ֆիլմի էկրաններին հայտնվելը։
Կրքերն իրենց բարձրակետին հասան կինոնկարի համաշխարհային պրեմիերայի ժամանակ, որը տեղի ունեցավ հուլիսի 7-ին Լոնդոնում և մեծ աղմուկ բարձրացրեց՝ ողջ աշխարհից երկրպագուները պրեմիերայից երկու օր առաջ վրաններ դրեցին քաղաքի կենտրոնում, որպեսզի հարմար տեղեր զբաղեցնեն։ Նրանց սպասումներն արդարացան. կինոպատումի բոլոր կարևոր սյուժետային գծերը միաձուլվեցին, որպեսզի հասնելով կուլմինացիային՝ հանգեն մի փոքր կատակերգական, սակայն եզրափակիչ ավարտին։
Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարը կինոյի պատմության մեջ ամենամեծ շահույթ ունեցած ֆիլմն է. նախորդ յոթ դրվագները համաշխարհային վարձույթում 6,4 մլրդ դոլար են հավաքել։
Ինչպես վերջին չորս ֆիլմերում, այս պատումի ռեժիսորը նույնպես Դևիդ Յեյթսն է, իսկ պրոդյուսերը՝ Դևիդ Հեյմանը։ Չի փոխվել նաև դերասանական կազմը՝ գլխավոր դերերը խաղում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը և Էմմա Ութսոնը։
Երևանյան պրեմիերայից մեկ օր հետո՝ հուլիսի 23-ին, Ռեդկլիֆը կդառնա 22 տարեկան, որից տասը տարին նա աշխարհին ավելի շատ հայտնի է որպես Հարի Փոթեր։ -0-