Դուդուկի ականավոր վարպետ Ջիվան Գասպարյանը կդառնա «Երաժշտություն և կինո» լատվիական փառատոնի մասնակիցը, հաղորդում է proficinema.ru կայքը։
«Երաժշտություն և կինո» փառատոնը մեկնարկում է հուլիսի 11-ին Լատվիայի ազգային օպերայի դահլիճում։
Կինոդիտման համերգացանկում ներկայացված են ամենահայտնի և ճանաչված անուններ։ Բացի վիրտուոզ դուդուկահար Ջիվան Գասպարյանից, նրանց թվում են՝ Էմիր Կուստուրիցան և նրա The No Smoking Orchestra-ն և «Կարմեն» բեմադրությամբ Անտոնիո Գադեսայի իսպանական լեգենդար բալետը։
«Կարմիր գորգի վրայով» կանցնեն կինոարվեստի նշանավոր ներկայացուցիչները՝ Վլադիմիր Միզոևը, Սերգեյ Շնուրովը, Գոշա Կուցենկոն, Ալեքսանդր Ադաբաշյանը, Մարկ Կոլենը, Օլիվյե Լիբոն (Nouvelle Vague) և այլ ճանաչված մարդիկ։
Նրանց թվում կլինի նաև ՌԴ ժողովրդական դերասան Սերգեյ Նիկոնենկոն, ում այդ երեկո կպատվեն յոթանասունամյակի կապակցությամբ և կպարգևատրեն ռուսական կինոմատոգրաֆում ունեցած հատուկ վաստակի համար՝ «Սերը որպես կոչում»։
Փառատոնի պատվավոր նախագահն է ականավոր սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ Փառատոնի ժյուրին ղեկավարում է Ալեքսանդր Ադաբաշյանը։ -0-