ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյուրռեալիստական ուղղության ճանաչված նկարիչներ Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինինի, Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործություններին նվիրված տպագիր գրաֆիկայի ցուցահանդես կանցկացվի Երևանում հուլիսի 7-ից հոկտեմբերի 15-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից:
Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով և այլք:
Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր:
Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում:
Դալին օֆորտով տարվել է 1930-ական թվականների սկզբին: 1934 թվականին նա նկարազարդում է «Մալդորորի երգերը»` կոմս Լոթրեամոնի (Իզիդոր Դյուկաս) պոեմը: Նույն թվականին Փարիզում նա հանդիպում է հայտնի նկարահավաք և հրատարակիչ Պիեռ Արժիլեին: Այս հանդիպումը շուրջ կեսդարյան բեղմնավոր համագործակցության սկիզբ հանդիսացավ:
1980 թ. Ֆոնտենբլոյի մոտակայքում գտնվող Վո-լը-Պենիլ դղյակում Պիեռ Արժիլեն բացում է սյուրռեալիզմին նվիրված եզակի մի թանգարան: Քրիստին Արժիլեն, ում Դալին կատակով անվանում էր« ինֆանտա», շարունակում է հոր գործը: Լինելով ճանաչված գեղարվեստական քննադատ, նա ղեկավարում է Արժիլե պատկերասրահը` համագործակցելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի և շատ այլ երկրների հայտնի թանգարանների հետ: -0-