Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակներում

29.06.2011, 17:54
Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակներում

Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած ռեժիսոր Տերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը կցուցադրվի հայ հանդիսատեսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հաղորդում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, ֆիլմը կցուցադրվի երևանյան պրեմիերաների շարքում:
Թվով ութերորդ «Ոսկե ծիրանը» կանցնի Երևանում հուլիսի 10-17-ը:

Հռչակավոր ամերիկացի ռեժիսորը երկարատև բանակցություններից հետո համաձայնել է ցուցադրել իր ֆիլմը Երևանում, նշվում է տեղեկատվության մեջ:

Մալիկն իր 40-ամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, սակայն չորսն էլ արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել. նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ և չի մասնակցում կինոփառատոներին:

«Կենաց ծառ» երևակայական դրաման մի ընտանիքի պատմություն է, որում խոսվում է տիեզերքի, մարդկային հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին: 11-ամյա Ջեքը  1950-ականների Միջին Արևմուտքի հասարակ ընտանիքի ավագ որդին է: Գլխավոր դերերում նկարահանվել են ամերիկյան կինոյի հայտնի դերասաններ՝ Բրեդ Փիթն ու Շոն Պենը:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: Այն անցկացվում է 2004 թվականից: 2011 թ.-ին «Ոսկե ծիրան» փառատոնին շուրջ 630 մասնակցության հայտ է ստացվել աշխարհի 81 երկրներից, որոնցից ընտրվել է 150 հայտ 45 երկրից:

2010թ.-ին փառատոնն արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-