«Ոսկե ծիրան» ութերորդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» նոր անվանակարգում ներկայացվել է 25 կարճամետրաժ ֆիլմ՝ աշխարհի 18 երկրից, հայտնեց անվանակարգի նախաձեռնողներից մեկը, սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը։
Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 10-ից 17-ը։
«Մենք նայել ենք անվանակարգում մասնակցելու համար ներկայացված բոլոր 135 ֆիլմերը, և 25 ժապավեն ենք ընտրել»,- ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Սիմոնյանը։
Դրանց թվում են կինոժապավեններ Ավստրալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լյուքեսմբուրգից, Պորտուգալիայից, Թուրքիայից, Սինգապուրից, Հայաստանից, Բելգիայից, Մարոկկոյից։
Սցենարիստի խոսքով՝ չնայած երբեմն հնչող այն դժգոհություններին, թե ֆիլմի ստեղծման համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, սակայն այս անվանակարգում ընդգրկվել են բազմաթիվ պրոֆեսիոնալ և հետաքրքրիր կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նկարահանվել են սահմանափակ միջոցներով։
Ռեժիսոր Գագիկ Կազարեն իր հերթին նշեց, որ կարճամետրաժ ֆիլմի նոր անվանակարգի ստեղծման գաղափարն առաջարկել է կինոփառատոնի ղեկավարությունը։
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր ուսանող, ուսումնասիրելով մեծ ռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, անկասկած վերադառնում է նրա ակունքներին, որոնք սկսվում են հենց կարճամետրաժ ֆիլմից։
Ռեժիսորն ընդգծեց, որ կարճամետրաժ կինոն միշտ լավ մեկնարկ է երիտասարդ ռեժիսորների համար, քանի որ հստակ մտածված սցենար և պրոֆեսիոնալիզմ է պահանջում։
«Կորիզ» անվանակարգի նախաձեռնվողներն են հայ հայտնի ռեժիսորներ Գագիկ Կազարեն, Արամ Շահբազյանը, Վարդան Հակոբյանը, Լուսինե Սարգսյանը և սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը։
Այս անվանակարգում ֆրանսիացի պրոդյուսեր Տյերի Լենյուվելի գլխավորած ժյուրիի կազմում են հայտնի կինոգործիչներ՝ ռուս կինոգետ Օլգա Շերվուդը և կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը։
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։
2011թ.-ին «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին (հուլիսի 10-17-ը) աշխարհի 81 երկրից շուրջ 630 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 45 երկրների 150 հայտերը։
2010թ.-ին «Ոսկե ծիրանն» արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։ -0-