Արամ Խաչատրյանի անվան մրցույթն ուղղված է դասական արվեստի վերածնմանը. ՄՀՄՀ
Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Հայաստանում կխթանի դասական արվեստի վերածնումը, կարծում է Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը։
Հանրաճանաչ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան երաժշտական յոթերորդ միջազգային մրցույթն է անցկացվում Երևանում հունիսի 6-13-ը։
«Մրցույթի նպատակներից մեկը դասական երաժշտության քարոզումն է, ինչպես նաև աշխարհին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներկայացումը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սմբատյանը։
Նրա խոսքով, Հայաստանը լավ ավանդույթներ ունի այդ գործն իրականացնելու համար։
Սմբատյանն ընդգծեց, որ առաջին անգամ մրցույթի շրջանակներում նախատեսված է կոմպոզիտորների անվանակարգ՝ մասնակիցներն իրենց պարտիտուրաները կներկայացնեն ժյուրիի անդամներին, իսկ ստեղծագործությունների ամփոփիչ գնահատականները կներկայացվեն հունիսի 9-ին։
Ավելի ուշ՝ հունիսի 13-ին, կամփոփվեն դաշնակահարների մրցույթի արդյունքները, որը կանցկացվի երեք փուլով՝ դասական ստեղծագործության կատարում, ժամանակակից կոմպոզիտորի և հայ կոմպոզիտորի պիեսի կատարում։
Սմբատյանն ընդգծեց, որ այս տարի մրցույթի շրջանակները կընդլայնվեն՝ ձևաչափն ավելի փառատոնային կդառնա, բացի այդ, այս տարի զգալիորեն ընդլայնվել է նաև մասնակիցների աշխարհագրությունը։
Ընդամենը մրցույթին կմասնակցեն 36 դաշնակահարներ և 11 կոմպոզիտորներ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Չինաստանից, Կորեայից և Դոմինիկյան Հանրապետությունից։
Դաշնակահարների ժյուրիի կազմում են տարբեր երկրներից ժամանած այնպիսի հայտնի երաժիշտներ և դասախոսներ, ինչպես Սվետլանա Նավասարդյանը (Հայաստան), Յուրի Հայրապետյանը (Ռուսաստան), Սառա Լայմանը (Կանադա), Պան Չունը (Չինաստան), Ջասպեր Փերոթը, Ռուստեմ Հայրուդինովը (Մեծ Բրիտանիա), Ժանիա Սուբակիրովան (Ղազախստան)։
Կոմպոզիտորների ժյուրիի կազմում են Ռոբերտ Ամիրխանյանը (Հայաստան), Վլադիսլավ Կազենինը (Ռուսաստան), Կախա Ծաբաձե (Վրաստան), Մուրատբեկ Բեգալիևը (Ղրղըզստան)։
Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից և կանցկացվի Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթին աջակցություն է ցուցաբերում Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը։ -0-