ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական եզակի հեթանոսական «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակը:
Մելինե Մերկուր միջազգային մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը մրցանակը կիսել է Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրի հետ:
Պաշտոնական արարողության ժամանակ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին այդ պատվավոր մրցանակը հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Թեոդորե Պասսասը:
Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվեց նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:--0--