Արմմոնո մոնոներկայացումների իններորդ միջազգային փառատոնի բացումը, որը տեղի ունեցավ նախօրեին Երևանում, նշանավորվեց Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տանջանքները» ստեղծագործության մոտիվներով բեմադրված «Վերթեր» փայլուն մոնոներկայացմամբ` գերմանացի դերասան Ֆիլիպ Հոհմայերի դերակատարմամբ։
Ինչպես նշեց դերասանը հայ լրագրողների հետ զրույցում, դա «Վերթերի» իր 1401-րդ արտասահմանյան պրեմիերան է։
«Աշխարհում կնոջ տանջանքների մասին բազմաթիվ ստեղծագործություններ կան, սակայն «Վերթերը» տղամարդու սիրային տանջանքների մասին առաջին ստեղծագործությունն է»,- ասաց նա ներկայացումից հետո՝ բացատրելով պիեսի իր ընտրությունը։
Բացի այդ, Հոհմայերը, ընդգծելով հայերի հյուրընկալությունն ու ջերմությունը, նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտի հետ Հայաստան կատարելիք հաջորդ այցի վերաբերյալ։ Դերասանն ասաց, որ պատրաստվում է այս տարվա աշնանը կրկին այցելել Երևան արդեն ոչ թե մեկ, այլ մի քանի ներկայացումներով։
Բոլորին հասկանալի Վերթերը
Մոնոներկայացման առանձնահատկությունների մեկն այն է, որ այն գերմաներեն էր` առանց ենթագրերի։ Առաջին հայացքից թվում էր, թե հանդիսատեսը կհեռանա, և դահլիճը կդատարկվի, սակայն նման բան տեղի չունեցավ։
Մոնոներկայացումն այնքան վառ էր, այնքան լի զգայական լարվածությամբ ու ինքնատիպ դեկորացիաներով, որ հանդիսատեսը նստած` սրտակցում և ցավակցում էր խեղճ սիրահարին, ում, ցավոք, երբեք վիճակված չէր լինել սիրած աղջկա հետ։
Հերոսը բեմից անգլերեն բղավում էր. «Սա շատ բարդ է, սա հնարավոր չէ թարգմանել»։ Եվ դահլիճը շատ լավ հասկանում էր, թե ինչու է նա այդպես ասում։
Վերթերը բեմում հասցրեց պատմել ամեն ինչ՝ և Շառլոտայի, և իր մրցակից Ալբերտի մասին։
Նա արտասանում էր սիրեցյալի անունը, և հնչում էր Մենդելսոնի քայլերգը։ Շառլոտան ամուսնացել է... Մարել էր սիրած աղջկան նվաճելու հույսի վերջին լույսը։ Պարզ և հասկանալի էր այս մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար, որ լեզվով էլ խոսի։ Եվ կարևոր չէ, կարդացե՞լ է նա Գյոթե, թե՞ ոչ։
«Վերթերի» կոլորիտը
Երկրորդ հատկանշական երևույթը ներկայացման հայկական կոլորիտն էր, որովհետև Հոհմայերը, իր խոսքերով, միշտ փորձում է ինչ-որ բան վերցնել այն երկրի մշակույթից, որտեղ անցկացվում է իր ներկայացման պրեմիերան։
Վերթերը հայկական կոնյակ է խմում, բաժակ է բարձրացնում՝ արտասանելով մեր հարազատ «Կենացդ»-ը, իսկ կրծքին երևում է Արարատ լեռը՝ պարզ ու հարազատ «Հայաստան» բառով։
Ներկայացման ևս մեկ առանձնահատկությունը տեխնիկական անսովոր լուծումն է՝ պրոյեկտորը, որի վրա հայտնվում են առարկաներ, որոնք շատ դիպուկ նկարագրում են սիրահարի տրամադրությունը՝ ծաղիկներ, երբ նա հիշում է իր Շառլոտային, կնոջ մանեկենի գլուխ` նկարած աչքերով, երբ նա տանջվում է՝ իմանալով մրցակցի մասին և, վերջապես, նեղ ու երկար լաբիրինթոս, որով նա գնում է՝ հուսահատությունից քունքին դնելով ատրճանակը։
Նա խելագարվում է իր դժբախտությունից, տանջանքը, որ հասկանալի է ամենքին ու բոլորին, արտահայտվում է մեկ գերմաներեն, մեկ անգլերեն, իսկ հետ նոր ամսաթվեր են հայտնվում, ինչպես այն նույն Մյունհաուզենի մոտ, ով չէր ցանկանում հաշտվել իրականության հետ՝ հուլիսի 32-ը, 33-ը, 34-ը...
«Վերթերը» կարծես, ժամանակից դուրս է։ Կարևոր չէ, որ նա «կովբոյական» գլխարկով է, կարևոր չէ, որ նրա հագին «Հայաստան» գրությամբ վերնաշապիկ է։ Նա տանջվել ու տառապել է ճիշտ այնպես, ինչպես մի երիտասարդ, ով տանջվել ու տառապել է Գյոթեի գրչի ներքո հեռավոր 1774-ին...-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում