Հայաստանի Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պարուսույց Ռուդոլֆ Խառատյանի ավելի քան 50 նկարներ կներկայացվեն երևանյան «Ակադեմիա» պատկերասրահում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց պարուսույցը։
«Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին 10 տարիների իմ 52 աշխատանքները»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Խառատյանը։
Ցուցահանդեսը կբացվի ապրիլի մեկին և կշարունակվի երկու շաբաթից քիչ ավելի։
Նկարիչ-պարուսույցը նշեց, որ աշխատանքները որոշակի թեմատիկ ուղղվածություն չեն ունենա։
Նա ընդգծեց, որ իր նկարներում հատուկ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևերին, այլ կոմպոզիցիային և գույներին, որոնք դրական զգացումներ են հաղորդում։
Խառատյանի խոսքով` խորեոգրաֆիան ուժեղ ազդեցություն է գործում գեղանկարչական կոմպոզիցիաների կառուցման հմտության վրա։
Նա ավելացրեց, որ գեղանկարչության միջոցով իրեն շատ ավելի դյուրին է ինքնաարտահայտվել, քան խորեոգրաֆիայի միջոցով, քանի որ նկարը, թերևս, ինքն է նախապես թելադրում, թե ինչպիսին է լինելու, իսկ խորեոգրաֆիայում խոսքը գնում է մարդկանց հետ աշխատանքի մասին, ում վարպետությունն անհրաժեշտ է հասցնել որոշակի մակարդակի։
Խառատյանի ցուցահանդեսներն անցկացվում են ամբողջ աշխարհում 1996 թվականից։ Նրա նկարները ցուցադրվել են ավելի քան 40 ցուցահանդեսներում այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Իտալիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Կանադան։ -0-