Այսօր հարկավոր է մարդկանց մեջ լավ երաժշտական ճաշակ սերմանել, որպեսզի աճող սերունդը դադարի հիանալ նրանով, ինչ ակտիվորեն ցուցադրվում է հեռուստաալիքներով, Նիժնի Նովգորոդի «Կամուրջ» ալմանախին տված հարցազրույցում նշել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
«Մեր մշակույթի մեջ ցածրորակ երաժշտության ներխուժումից խուսափելու համար մարդիկ չպետք է լռեն, այլ հակառակը՝ պետք է քննադատության ենթարկեն նմանատիպ «ստեղծագործությունները»», - նշել է վարպետը:
Գասպարյանի խոսքերով՝ իսկական, որակյալ երաժշտություն լսող մարդը խալտուրա չի ընդունի:
«Թող ընթերցողները ճիշտ հասկանան իմ խոսքերը, սակայն այսօր ամեն երկրորդն իրեն գլուխգործոցներ ստեղծող կոմպոզիտոր է համարում: Իրականում նրանք ինքնագործունեությամբ են զբաղվում», - նշել է նա:
Ջիվան Գասպարյանը աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, ողջ աշխարհում վաճառվում են նրա ձայնասկավառակների միլիոնավոր օրինակներ։ Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են Գասպարյանին լավագույն ֆիլմերի երաժշտության ձայնագրման համար։ Արևմտյան հանդիսատեսի շրջանում նա հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոֆիլմի երաժշտության ձայնագրումից հետո, որտեղ դուդուկը ներդաշնակորեն միաձուլվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հետ։-0-