ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվս մեկ աղջիկ է հայտնվել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանի և քանթրի երգիչ Քեյթ Ուրբանի ընտանիքում, աղջնակին զույգի համար կրել է սուռոգատ մայրը, երեքշաբթի գրում է ամերիկյան People օրաթերթը։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով պարբերականին, աղջիկը, ում կոչել են Ֆեիթ Մարգարեթ (Faith Margaret), ծնվել է դեկտեմբերի 28-ին Նեշվիլ հոսպիտալում (Թենեսիի նահանգ)։
«Մեր ընտանիքն իսկապես երջանիկ է և ուրախ, որ ընծա է ձեռք բերել ի դեմս Ֆեիթ Մարգարեթի։ Մենք խոսքեր չունենք արտահայտելու համար մեր երախտապարտությունը բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ դրանում, հատկապես մեր սուռոգատ մորը»,- ասվում է աստղային զույգի հայտարարության մեջ։
Սա 43-ամյա Քիդմանի և Ուրբանի երկրորդ երեխան է։ 2008 թվականին Քիդմանն ինքն է լույս աշխարհ բերել մի աղջիկ՝ Սանդեյ Ռոուզ անունով։ Քիդմանն ունի նաև երկու որդեգրած երեխա՝ Իզաբելան և Քոնորը, որոնց նա որդեգրել էր իր նախկին ամուսին Թոմ Քրուզի հետ։ Քրուզի հետ տասը տարի տևած ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ 2001 թվականի փետրվարին։ -0-