ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական շոու-բիզնեսի մեծ մասը դեռ պատրաստ չէ մերկանալ ամսագրերի շապիկների համար կամ հեռուստանկարահանումներին, հայազգի դերասանների և երգիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում գրում է «Առավոտ» օրաթերթը:
Օրինակ հայկական էստրադայում առանց բարդույթների ներկայացող երգչուհի Ջուսը նշել է, որ ամսագրերի շապիկների համար երբեք ամբողջովին մերկ չի նկարահանվի, քանի որ «այդպես կինը կորցնում է իր սեքսուալությունը»: Բացի այդ երգչուհին համոզված է, որ հայկական մտածելակերպին հարիր չէ երգչուհուն «Եվայի հագուստով» տեսնել ամսագրի շապիկին:
Վարշամ Գևորգյանն իր հերթին նշել է, որ մերկանալու հետ որևէ խնդիր չունի, սակայն «դա պետք է պատճառաբանված լինի»: Նա նաև հայտնել է, որ ամսագրի շապիկի, գովազդի համար իր բարեմասնությունները ցույց տվողը չէ: Միաժամանակ դերասանը նշել է, որ ֆիլմում նման առաջարկ ունեցել է, սակայն հրաժարվել է՝ ուղղակի չեն գոհացրել պայմանները:
Դերասանուհի Նառա Թումասյանը կտրականապես դեմ է հանրությանը իր մերկ մարմինը ցուցադրելուն, սակայն նշել է, որ գեղարվեստական ֆիլմում գուցեև «բաց» տեսարանում համաձայնի նկարահանվել, եթե դա լինի լուրջ առաջարկ՝ արված լուրջ ռեժիսորի կողմից:
Իսկ երգիչ Սերգեյ Գրիգորյանն էլ համոզված է, որ Հայաստանում իր ուզած գումարը ոչ ոք չի տա: Երգիչը նշել է, որ պատրաստ է մերկանալ ու որևէ բարդույթ չունի, մանավանդ՝ սեփական կազմվածքից գոհ է:-0-