«Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակները կանցկացնեն պրեմիերան՝ չնայած Ադրբեջանի հիստերիային

30.12.2010, 12:55
«Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակները կանցկացնեն պրեմիերան՝ չնայած Ադրբեջանի հիստերիային
«Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակները կանցկացնեն պրեմիերան՝ չնայած Ադրբեջանի հիստերիային

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակները հավատարիմ են մնում աշխարհի շատ երկրներում ֆիլմի պրեմիերան անցկացնելու գաղափարին՝ չնայած Ադրբեջանի հիստերիային։

 «Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները տարածեցին «Տեղեկատվական խաղաղությանն աջակցման ադրբեջանական ասոցիացիա» կոչեցյալ կազմակերպության հայտարարությունը, որում այդ ասոցիացիան «կոչ է անում միջազգային հանրությանը պահանջել անհապաղ դադարեցնել «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները»: Ասոցիացիայում կարծում են, թե «ֆիլմի դուրսբերումը արտերկրի մեծ էկրաններ կխոչընդոտի հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասվում է «Ընդհատված երգ» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի հայտարարության մեջ:

«Մենք ստիպված ենք հերթական անգամ հիշեցնել իրականությունն աղավաղելուն սովոր ադրբեջանական կողմին, որ, սցենարի համաձայն, «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում միևնույն հորի մեջ հայտնված հայն ու ադրբեջանցին իրենց հուզող խնդիրների շուրջ բանավիճելով պարզապես պաշտպանում են իրենց տեսակետները, փորձում դիմացինին ներկայացնել ճշմարտության մասին սեփական պատկերացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք հավատարիմ ենք մնում «Ընդհատված երգի» պրեմիերան աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացնելու գաղափարին, որի իրականացման համար արդեն հունվարին հայտարարվելու է միջոցների հավաքմանն ուղղված ակցիաների շարք»,- նշում է նա։

Պողոսյանը նշեց, որ այդ ծրագիրն իրականացնելու համար նկարահանող խումբն արդեն հունվարին կհայտարարի միջոցների հավաքի վերաբերյալ ակցիայի սկզբի մասին։

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրաման նկարահանվում է ռուսաստանյան կինեմատոգրաֆիական բուհերի շրջանավարտ 21-30 տարեկան մի շարք մոսկվայաբնակ հայերի կողմից: Պրեմիերան տեղի կունենա 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը` Աշոտ Պողոսյանը: -0-