Թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում, տեղեկացնում են դերասանի հուղարկավորության առթիվ ստեղծված կառավարական հանձնաժողովից:
Կիմ Երիցյանը վախճանվեց կյանքի 80-րդ տարում։ Դերասանը ծնվել է 1930 թվականին Թբիլիսիում։ 1951 թ.-ից ապրել է Երևանում: 1957թ. գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը:
1955-1973 թթ. որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` ապրելով ստեղծագործական մեծ առաջընթաց, անձնավորելով բազմաթիվ ուշագրավ և գլխավոր դերեր: Այս թատրոնում տաղանդավոր արտիստին համընդհանուր ճանաչում բերեց Պըլը Պուղու դերը Ա. Բարսեղյանի «Պըլը Պուղի» հերոսական կատակերգությունում, որը Կիմ Երիցյանը խաղացել է 350-ից ավել անգամ լեփ-լեցուն դահլիճներում:
1973-2006 թթ. աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ և էլ ավելի բացահայտվեց Կ. Երիցյանի ինքնատիպ տաղանդը: Նրա խաղաոճին բնորոշ է ողբերգականի և կատակերգականի միասնությունը: Երիցյանը տպավորիչ գունեղությամբ կերտել է բազմաթիվ կերպարներ հայ և համաշխարհային կերպարներից, որոնք դերասանական արվեստի ակնառու նվաճումներ են. Ագրիպաս աղա, Գնդապետ, Թովմաս, Սերգեյ Կարպիչ, Մաշու, Ալդոմիրցի և այլն;
Կ. Երիցյանը նկարահանվել է հայկական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» և այլն: Կիմ Երիցյանը բազմաթիվ դերեր է խաղացել նաև հեռուստաթատրոնում:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր դեր, արժանացել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին և անկեղծ համակրանքին:
Հայ թատրոնին մատուցած ակնառու ծառայությունների համար Կիմ Երիցյանը 2009 թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում: Վերջերս մեծ շուքով նշվեց սիրված արտիստի ծննդյան 80-ամյա հոբելյանը. հոբելյարը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:--0-