Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցասրահների կարիք ունի. տնօրեն

02.12.2010, 14:34
Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցասրահների կարիք ունի. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցասրահների կարիք ունի, հինգշաբթի ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

«Ազգային պատկերասրահում նոր ցուցահանդեսների համար նախատեսված միայն մեկ ազատ սրահ կա: Հերթական ցուցահանդեսը կազմակերպելու համար մենք ստիպված ենք լինում ազատել ցուցասրահները», - ասաց Միրզոյանը:

Պատկերասրահի տնօրենը նշեց, որ այս օրերին անցկացվող հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպելու համար հարկավոր է եղել ազատել յոթ սրահ:

Նա նաև նշեց, որ Ազգային պատկերասրահը նոր շենքի կարիք ունի, քանի որ ներկա համալիրում տեղակայված է միանգամից չորս մշակութային կենտրոն՝ Ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Գրականության և արվեստի թանգարանը, ինչպես նաև Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը:

Միրզոյանի խոսքերով՝ ինը հարկանի շինությունը չի համապատասխանում պատկերասրահների չափորոշիչներին, քանի որ նման թանգարանները պետք է լինեն երկու-երեք հարկանի, որպեսզի հնարավորություն լինի մասնագիտացված ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ անցկացնել:

«Կարևոր է նաև Ազգային պատկերասրահի մասնաճյուղերի նորոգման խնդիրը: Հիմնանորոգման կարիք ունեն Մարտունու մասնաճյուղը, ինչպես նաև Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանները», - ասաց նա:

Միրզոյանը նաև նշեց, որ այս տարի ավարտվում է Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի նորոգումը, և հաջորդ տարի այնտեղ ծրագրվում է մի շարք ցուցահանդեսներ կազմակերպել:

Հայաստանի պետական ազգային պատկերասրահը Հայաստանի կերպարվեստի գլխավոր թանգարանն է: Այն հիմնադրվել է 1921 թ.-ին և Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային համալիրի մի մասն է:-0-