Թատրոնի և կինոյի ռուս հայտնի դերասան, երգիչ Դմիտրի Պևցովի և «ԿարՏուշ» սթրիթ-ռոք խմբի համատեղ համերգը կկայանա Երևանում։
Պևցովի և «ԿարՏուշ» խմբի երգացանկում ընդգրկվել են երգեր այնպիսի հայտնի բանաստեղծների և կոմպոզիտորների բառերով և երաժշտությամբ, ինչպիսիք են Վլադիմիր Վիսոցկին, Միքայել Թարիվերդիևը, Ալեքսեյ Ռիբնիկովը, Ալեքսեյ Կորտնևը, Անդրեյ Վոզնեսենսկին։
«Ես կցանկանայի ներկայացնել Անդրեյ Վերտուզաևին։ Նա գեղարվեստական ղեկավարն է և, ինչպես ես եմ նրան կոչում, «ԿարՏուշ» խմբի գլխավոր դիրիժորը, մի մարդ, ում հետ մենք արդեն երկու տարի է՝ միասին ենք աշխատում «Երգիչները շատ են, բայց Պևցովը մեկն է» երաժշտական նախագծի վրա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պևցովը։
Իր ծրագրացանկի մասին պատմելով՝ Պևցովը նշեց, որ այնտեղ ընդգրկվել են այն երգերը, որոնք «իրենք են իրեն գտել»։
Ըստ դերասանի, ծրագրացանկը մի ժամում չի ստեղծվել, դա կյանքի և ստեղծագործական փորձի արդյունք է։
Պևցովը հատուկ նշել է Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունները, որոնք կկատարվեն յուրօրինակ մեկնաբանությամբ, և սերն այն արվեստի նկատմամբ, որ զգացել է դեռ 1980-ականներին:
Ինչպես նշեց համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Վերտուզաևը, համերգի ժամանակ տեղի կունենա կոմպոզիտոր Նիկոլայ Արխիպովի երաժշտության և Լյուբով Վորոպաևայի խոսքերի հիման վրա գրված «Վայրի սեր» նոր երգի պրեմիերան։
Բացի այդ, Վերտուզաևը նշեց, որ դեռ պատանի տարիներից հիացած էր համանուն ֆրանսիական ֆիլմով։
Երգչի և «ԿարՏուշ» խմբի ծրագրացանկը մի քանի մասից է՝ լիրիկական («Յունոնան և Ավոսը» մյուզիքլից Անդրեյ Վոզնեսենկոյի խոսքերով գրված՝ Ալեքսեյ Ռիբնիկովի «Ծովային սպաների ռոմանսը»), հումորային (Ալեքսեյ Կորտնևի և «Նեսչաստնիյ սլուչայ» խմբի երգերը), ինչպես նաև ռետրո, որի ժամանակ կհնչեն կոմպոզիտոր Ալեքսանդր Վերտինսկու «Փոքրիկ բալետի պարուհի», «Պիկկոլո բամբինո» երգերը (ընդգրկված են ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ռոմանսի ռոմանտիկան» ծրագրի ոսկե ֆոնդում)։
Թատրոնի և կինոյի ժամանակակից ռուս դերասան, երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը կինոյում ճանաչում է ձեռք բերել «Մականունը՝ Զվեր» (1990թ.) ֆիլմում Ալեքսանդր Մուրատովի դերակատարման շնորհիվ։
Պևցովը բազում ներկայացումներում է խաղացել, որոնցից կարելի է առանձնացնել «Յունոնան և Ավոսը», «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի հարսանիքը», «Կարճ անձրևանոց», «Ֆեդրա», «Կվարտետ» ներկայացումները։ -0-