ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հունիսի 26-ին ստորագրվելու է ավելի քան 42,8 միլիոն իեն (մոտ 400 հազ. դոլար) գումարի նվիրատվության պայմանագիր՝ «Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտական գործիքները բարելավելու ծրագրով», չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունիսի 26-ին, Երևանում փաստաթուղթը ստորագրելու են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը և Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն։
Նվիրատվության համաձայնագրի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիային տրամադրվելու է 18 դաշնամուր, ինչը դրական ներգործություն կունենա ինչպես դասավանդման որակի, այնպես էլ կոնսերվատորիայի շենքում պարբերաբար կազմակերպվող համերգների մասնագիտական մակարդակի վրա։--0—