Հայ ռեժիսորը կարծում է, որ եկել է ժամանակը, երբ միջազգային հանրությանը պետք է ներկայացնել հայկական կինեմատոգրաֆը

03.06.2008, 19:10
Հայ ռեժիսորը կարծում է, որ եկել է ժամանակը, երբ միջազգային հանրությանը պետք է ներկայացնել հայկական կինեմատոգրաֆը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ կինոռեժիսոր, Միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը կարծում է, որ եկել է ժամանակը, երբ միջազգային հանրությանը պետք է հայտնել հայկական կինեմատոգրաֆի մասին։

«Վաթսունական թվականներից հետո, երբ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը ներկայացվեց Կաննի փառատոնում, միջազգային շրջաններում խոսք անգամ չկար հայկական կինեմատոգրաֆի մասին»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Խաչատրյանը։

Սակայն, նրա կարծիքով, իրավիճակը փոխվել է և հայկական կինոարվեստում հայտնվել են երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներ։

Այսպես, վերջերս տեղի ունեցած Կաննի 61-րդ կինոփառատոնում ոչ մրցութային ծրագրի շրջանակներում ներկայացվել են երիտասարդ հայ կինոռեժիսորների աշխատանքները։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ եվրոպացի հանդիսատեսին ցուցադրվել են Արման Թադևոսյանի «Մետամորֆոզներ», Վրեժ Կասունի «Միգուցե սեր է, միգուցե՝ ոչ» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև Դիանա Մկրտչյանի «Գաթա» ֆիլմը, որը պատմում է Մոսկվայում բնակվող հայ փախստականների։

«Յուրաքանչյուր ռեժիսորի երազանքն է՝ լինել Կաննի նման կինոփառատոններում»,- ավելացրեց Խաչատրյանը։

Ռեժիսորի խոսքով, տարիներ շարունակ միջազգային կինոփառատոնների «դռները» փակ են եղել հայ կինոռեժիսորների համար, ինչը պայմանավորված էր ֆինանսավորման բացակայությամբ։

Իր հերթին, երիտասարդ ռեժիսոր Արման Թադևոսյանը լրագրողներին պատմեց իր հաջողության մասին։ «Իմ ֆիլմը ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրով՝ միայն անձնական կապերի շնորհիվ»,- ասաց նա։

Նրա խոսքով, Կաննում իր «Մետամորֆոզներ» ֆիլմը ներկայացնելու հարցում իրեն օգնել է ֆրանսիացի պրոդյուսերը։ «Իմ ֆիլմը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի մոտ»,- ամփոփեց նա։--0—