Երևանում բացվել է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը

30.05.2008, 17:14
Երևանում բացվել է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը
Երևանում բացվել է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը

Երևանում մայիսի 30-ից հունիսի 6-ն անցկացվելու է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների հինգերորդ մրցույթը, տեղեկացրեց մրցույթի համանախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը։

«Այս տարի մրցույթին մասնակցում են փորձառու և պրոֆեսիոնալ երաժիշտներ, և առաջին տեղի համար պայքարը թեժ է լինելու»,- ասաց Սարաջյանը ուրբաթ Երևանում լրագրողներին։

Այսպես, մրցույթին իրենց վարպետությունը կցուցադրեն 10 երաժիշտներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Ֆրանսիայից։

Մրցույթի հաղթողներին հանձնվելու են դիպլոմներ և դրամական պարգևատրումներ։ Առաջին մրցանակի համար նախատեսվում է 15 հազար դոլար, երկրորդի՝ 10 հազար դոլար և երրորդ՝ հինգ հազար դոլար։

Բացի այդ, նախատեսվում է երեք խրախուսական մրցանակ՝ յուրաքանչյուրը 2 հազարական դոլար։

Համանախագահը նաև տեղեկացրեց, որ մրցույթը բացվելու է գերմանացի հայտնի ջութակահար Գրիգորի Ժիսլինի համերգով՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ։

Նրա խոսքով, համերգային ծրագրում ընդգրկվել են Խաչատրյանի հետևյալ ստեղծագործությունները՝ կոնցերտ ջութակի համար, ինչպես նաև «Սպարտակ» բալետից հատվածներ։ 
 
Իր հերթին, մրցույթի ժյուրիի նախագահը, Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը նաև կարևորել է նման մրցույթների կազմակերպումը։

«Մրցույթը թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր երաժիշտների նոր անուններ, որոնք ներկայացնում են իրենց երկրների կատարողական արվեստը»,- ավելացրեց նա։

Բացի այդ, ժյուրիի նախագահի խոսքով, մրցույթի ընթացքում մասնակիցները կատարում են փորձի փոխանակում, ինչը նույնպես կարևոր է պրոֆեսիոնալ աճի համար։
 
Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 40 միլիոն դրամ (մոտ 1,3 մլն. դոլար)։

Արամ Խաչատրյանը ստեղծել է համաշխարհային ճանաչում ունեցող բալետներ՝ «Սպարտակ» և «Գայանե», սիմֆոնիաներ, գործիքային երաժշտություններ, «Դիմակահանդես», «Ծովակալ Ուշակով» և «Օթելլո» կինոֆիլմերի երաժշտությունը։ Աշխարհին հայտնի են նաև թատերական ներկայացումների համար գրված նրա ստեղծագործությունները։--0—