ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստին 170,4 միլիոն դրամ (ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար) է հատկացրել Երևանում «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» չորրորդ փառատոնի անցկացման համար, որը տեղի կունենա ս.թ. ամռան վերջին-աշնան սկզբին։
«Հայաստանում անցկացվող փառատոնը նպաստում է Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի զարգացմանը, հայկական մշակույթի շուրջ համախմբմանը։ Փառատոնը ստեղծում է համահայկական միասնական մշակութային դաշտ»,- հաղորդեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հինգշաբթի՝ կառավարական նիստին։
Նախարարի խոսքով, «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» չորրորդ փառատոնը տարբերվելու է ավանդական մշակութային միջոցառումներից, որոնք անցկացվում են Հայաստանում։ Պողոսյանը նշեց, որ փառատոնը, որտեղ ներկայացվելու են պարային և վոկալ համարներ, հայ ռեժիսորների ֆիլմերը, համալրվելու է փառատոնի մասնակիցների համար վարպետության-դասընթացներով։
ՀՀ մշակույթի նախարարն ավելացրեց, որ վարպետության-դասընթացների հետ մեկտեղ, փառատոնի ծրագիրը համալրվելու է մասնագիտական քննարկումներով, որոնց մասնակցելու են հասարակության լայն խավերը։
«Քննարկումների հիմնական թեման դառնալու է արտասահմանում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանությունը»,- ասաց Պողոսյանը։
«Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» փառատոնը Հայաստանում անցկացվում է ամեն տարի՝ 2004 թվականից ի վեր։--0—