Դաշնակահար Դենիս Մացուևը և մաեստրո Վլադիմիր Սպիվակովը կներկայացնեն համատեղ ծրագիր
Ռուս վիրտուոզ-դաշնակահար Դենիս Մացուևը և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հանդես կգան համատեղ համերգով, որը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ համերգասրահում։
«Համերգին մենք կներկայացնենք իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը՝ Պրոկոֆյևի № 3 կոնցերտը դո մաժորում դաշնամուրի համար և Ռախմանինովի Պագանինիի թեմայով ռապսոդիան։ Մենք այդպես որոշեցինք Սպիվակովի հետ միասին։ Դա շատ հայտնի ստեղծագործություն է, որը գիտեն բոլորը որպես դաշնակահարի այցեքարտ», - պատմել է Մացուևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Դաշնակահարը կկատարի այդ ստեղծագործությունները Ռուսաստանի ֆիլարմոնիկ ազգային նվագախմբի և նրա անփոխարինելի ղեկավարի ուղեկցությամբ։
«Սպիվակովը այն դիրիժորներից է, ովքեր սիրում են նվագակցել, և դա մեր օրերում շատ հազվադեպ հատկություն է դիրիժորների համար։ Եթե դիրիժորի հետ կապ կա, ապա դա միանգամից զգացվում է», - նշել է Մացուևը։
Երաժիշտը խոստովանել է, որ մաեստրոն «իր համար դարձել է ոչ միայն սիրելի դիրիժորներից մեկը, այլ նաև ավագ ընկեր»։-0-