Հայաստանի ժողովրդական ստեղծագործության թանգարանում բացվել է իրանական գրքերի ցուցահանդես
Հայաստանի ժողովրդական ստեղծագործության թանգարանում ուրբաթ բացվեց իրանական գրքերի ցուցահանդես, որը նվիրված է Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի 29-ամյակին։
Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի մշակութային հարցերով խորհրդական Ռեզա Ատուֆին, ցուցայանդեսով մեկնարկում է միջոցառումների շարք, որը նվիրված է իսլամական հեղափոխության հաղթանակին։
Ցուցանմուշների թվում են տարբեր լեզուներով Ղուրանի թարգմանություններ, ինչպես նաև պարսկական կրոնական, ժամանակակից և մանկական գրականություն։
«Գրքերից բացի ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որտեղ պատկերված են հեղափոխության շրջանի պատմական անցքեր, ինչպես նաև գունեղ մանրանկարներ»,-ասաց Ատուֆին։
Նա հավելեց, որ Հայաստանից բացի տոնական միջոցառումներ են անցկացվում մի շարք երկրներում։
«Սակայն Հայաստանում, որը Իրանի լավագույն բարեկամն է, միջոցառումներն այլ երանգ են ստացել»,-հավելեց Ատուֆին։
Իր հերթին, Հայաստանի մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը նշեց, որ Իրանը համարվում է աշխարհի ամենից զարգացած երկրներից մեկը։
«Մենք միշտ բարեկամական զգացումներով ենք հետևում մեր հարևանի՝ Իրանի ձեռքբերումներին»,-ասաց նա, հավելելով, որ մշակութային ոլորտում երկու երկրների կապերը զարգանում և ամրապնդվում են։
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 29-ամյակին նվիրված միջոցառումները Երևանում կանցկացվեն մինչև փետրվարի 10-ը։ --0-