Հայկական հինագույն երաժշտության «Շարական» համույթի պասիվության պատճառը ֆինանսավորման բացակայությունն է. գեղղեկավար

10.01.2008, 16:38
Հայկական հինագույն երաժշտության «Շարական» համույթի պասիվության պատճառը ֆինանսավորման բացակայությունն է. գեղղեկավար

Հայկական հինագույն երաժշտության «Շարական» համույթի պասիվության պատճառը ֆինանսավորման բացակայությունն է, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց համույթի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը։

«Վերջին տարիներին համույթը հազվադեպ է հանդես գալիս լսարանի առջև։ Դրա պատճառը ֆինանսական օժանդակության բացակայությունն է»,-ասաց գեղարվեստական ղեկավարը։ Նրա խոսքերով, «Շարականը» հանդես է գալիս, հիմնականում, հրավերքներով։

«Համույթը հիմնականում հանդես է գալիս թանգարաններում, գրադարաններում, պատկերասրահներում, միջոցառումներում տարբեր հոբելյանների նվիրված համերգներով»,-հավելեց Երաժիշտը։

Այսպես, համույթի վերջին ելույթներից մեկը տեղի է ունեցել 2007թ. Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Խոսելով համույթի պասիվության պատճառների մասին՝ նա նշեց նաև համապատասխան լսարանի բացակայությունը։

«Ժամանակակից ունկնդիրը սովոր չէ կենդանի կատարմանն ու հնչողությանը»,-հավելեց նա։ Միևնույն ժամանակ գեղղեկավարը նշեց, որ չնայած արգելքներին, համույթը շարունակում է գործունեությունը։

Խոսելով նոր ծրագրերի մասին՝ Երաժիշտը հայտնեց, որ համույթը մտադիր է ձայնագրել Կոմիտասի 20 ստեղծագործություն՝ տաղանդավոր երգիչ Գևորգ Ակչյանի հետ համատեղ։

«Շարական» համույթը հիմնվել է 1970-ական թվականներին։ Գեղղեկավար Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ համույթը առաջին անգամ կատարել է եկեղեցական երգեր ոչ միայն եկեղեցում, այլ նաև բեմում։

Իր ակտիվ գործունեության շրջանում «Շարականը» համերգներով հանդես է եկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հոլանդիայի, Բուլղարիայի և Ռումինիայի բեմերում։--0--