Հանրահայտ էստրադային երգչուհի Սիրուշոն 2008 թ.-ին կներկայացնի Հայաստանը Եվրոտեսիլ-2008 միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ, որը կկայանա Բելգրադում։
Նրա թեկնածությունը հաստատվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի կողմից՝ վիճակահանության արդյունքում, որը նախօրեին ուղիղ եթերով հեռարձակում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Եվրոտեսիլի կազմակերպիչների նոր կանոնների համաձայն՝ այն երգը, որով տարբեր երկրների ներկայացուցիչներ պետք է ներկայանան մրցույթի ժամանակ, պետք է որոշվի հեռուստադիտողների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքում։
Սիրուշոն՝ նոր սերնդի երիտասարդ երգչուհի է, որը մեծ համբավ ունի ինչպես էստրադային երգերի, այնպես էլ ժողովրդական երաժշտության սիրահարների շրջանում։ Նա Հայաստանում սիրված և հայտնի երգչուհի՝ Սյուզան Մարգարյանի դուստրն է։
Սիրուշոն բավականին ինքնուրույն է, նրա համերգները, ինչպես նաև ձայնասկավառակները մեծ հաջողություն ունեն։ Նա արժանացել է «տարվա երգչուհի» կոչման, սակայն չի դադարում աշխատել, իսկ դա նշանակում է, որ նրա երկրպագուների թիվը այսուհետև էլ մեծ կլինի։
Այժմ նա սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։
2008 թ.-ին Հայաստանը արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրոտեսիլին»։ 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանզ քո սիրո) երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը։
2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ.-ի լավագույն երգիչ» նոմինացիայի հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։-0-