ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում եվրոպական ժառանգության օրերը տեղի կունենան սեպտեմբերի 29-30։
Ինչպես հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, նմանատիպ միջոցառումները Հայաստանում անցկացվում են արդեն երրորդ տարին. այս տարի դրանց կարգախոսն է՝ «Ձեռակերտ և անձեռակերտ հուշարձաններ»։
«Այս ակցիան կոչված է հակազդել քաղաքաշինությանը և պահպանել երկրի մշակութային ժառանգությունը»,-ասաց Գյուրջյանը։
Նրա խոսքերով, այս օրերին Հայաստանի բոլոր թանգարանները և թանգարան-արգելոցները, որոնք գտնվում են մշակույթի և բնապահպանության նախարարությունների ներքո, գործելու են անվճար։
Իր հերթին, Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուռումովան նշեց, որ միջոցառումը նաև ուղղված է գրավել բնակչության ուշադրությունը պատմա-մշակութային հուշարձանների պահպանման անհրաժեշտության վրա և իրազեկել նրանց հուշարձանների կործանման հիմնախնդիրների մասին։
«Եվրոպական ժառանգության օրերի անցկացման հիմնական նպատակն է եվրոպացիներին մոտեցնել իրենց մշակութային ժառանգությանը, հեշտացնել շփումները և փոխըմբռնումը անկախ ազգային պատկանելիությունից, թուլացնել ռասայական և կրոնական խտրականությունները՝ եվրոպական տարբեր ազգությունների մշակութային ժառանգություններին փոխադարձ ծանոթացնելու միջոցով»,- ասաց Ուռումովան։
Նա նաև տեղեկացրեց, որ 2007թ. ընթացքում ուկրաինական տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հանդես են գալիս սեփական մշակույթի քարոզմամբ, ինչը կօգնի այդ երկրներին հեշտացնել տարբեր տիպի շփումների հաստատումը՝ սկսած մշակութայինից և վերջացրած տնտեսական հարցերով։
Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև նշեց, որ այս նախաձեռնությունը նախատեսում է կազմակերպել մշակութային զբոսաշրջության թռիչքային ծրագիր, որն արդեն գործում է Հայաստանում։
«Հայաստանի ազգային ժառանգությունը կազմում է եվրոպական ժառանգության մի մասը, որի կապակցությամբ մենք ողջունում ենք Երևանի մասնակցությունը այս նախաձեռնությանը»,- ասաց Ուռումովան։
Հայաստանն արդեն երրորդ տարին է մասնակցում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումներին։ Եվրոպական ժառանգության օրերի հանդիսավոր նշումը Հայաստանում սկսվում է սեպտեմբերի 29-ին՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՀՀ) ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ, որոնք հաղթող են ճանաչվել այս Օրերի շրջանակներում անցկացվող «Հուշարձանների լուսանկարահանման միջազգային փորձը» 12-րդ միջազգային մրցույթում։
Միջոցառումների թվում նախատեսված է, մասնավորապես՝ «Երկու օր Սյունիքում» ցուցահանդեսի բացումը՝ Սյունիքի պատմա-մշակութային ժառանգությունը ՌՀՀ ուսանողների աչքերով։
Կանցկացվեն նաև «Եվրոպական գրականությունը՝ հայերեն լեզվով», «Փայտե սիգարետի տուփեր. նորարարություններ և ավանդույթներ», «Հագուստը, ձեռագործը և ասեղնագործությունը. Ուրարտուից մինչև մեր օրերը», «Նախամարդը Հայաստանում և աշխատանքային գործիքները», «Խոսող քարեր» ցուցահանդեսները։
Նախատեսվում է նաև այցելություն Սաղմոսավանքի վանական համալիր։
Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են 1991 թվականից։ 2007թ. միջոցառումներին մասնակցում են Եվրախորհրդի 47 անդամ պետություններ և այս կառույցում չընդգրկված ևս երկու պետություններ՝ Բելառուսը և Վատիկանը։ 2006թ. ավելի քան 20 մլն. եվրոպացիների համար իրենց դռները բացեցին եվրոպական երկրների 30 հազար թանգարաններ։
2007թ. Եվրոպական ժառանգության օրերը մեկնարկեցին սեպտեմբերի 21-ին Բելգրադում։ --0—