ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօրվա հայ հանդիսատեսի մոտ բացակայում է իրական թատերասերին հատուկ քննադատական սուր վերաբերմունքը։ Այսպիսի կարծիք հայտնեց երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանրահայտ հայ դերասան և ռեժիսոր, վիդեո և կինոնկարի նյույորքյան միջազգային փառատոնի մրցանակակիր Մուրադ Ջանիբեկյանը։
«Հայաստանում այժմ չկա թատրոնը սիրող և գնահատող հանդիսատես։ Մարդիկ չեն կարողանում գնահատել ներկայացումները և դրանից օգտվում են անտաղանդ մարդիկ, որոնք ինքնագովազի միջոցով փորձում են համոզել ժողովրդին իրենց հանճարեղության մեջ», - նշեց Ջանիբեկյանը։
Նրա խոսքերով, այսպիսի իրավիճակ է տիրում մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում, մասնավորապես երաժշտական մշակույթում, որտեղ յուրաքանչյուր միջակ կատարող իրեն աստղ է համարում։ .
Ինչպես կարծում է Ջանիբեկյանը, «գործերը լավ չեն նաև թատրոնում», որտեղ գերակայում են քիչ հայտնի և անտաղանդ դերասաններով ցածրորակ ներկայացումները։
«Ես կարծում եմ, որ 20-րդ դարի հայ նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանի մահից հետո, թատրոնը սրտի կաթված ստացավ։ Բեմում հիմնավորվեցին միջին մակարդակի դերասանները, իսկ լավերը շարունակում են աննկատ մնալ», - ընդգծեց դերասանը։
Վերջում Ջանիբեկյանը նշեց, որ արդեն ժամանակն է «բացել կուրության վարագույրը» և արվեստում տեսնել լավը և լավագույններին, որի համար հենց հանդիսատեսին է անհրաժեշտ լինել ավելի բազմագիտակ և քննադատական մոտեցում ցուցաբերել արվեստի գործիչներին գնահատելիս։
Մուրադ Ջանիբեկյանը Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան է, հայտնի կինոռեժիսոր։
2005 թ.-ի սեպտեմբերին վիդեոյի և կինոնկարների նյույուքյան միջազգային փառատոնում (New York international and independent film & video festival in Los Angeles 2005) Ջանիբեկյանի «Համլետ» գեղարվեստական կինոնկարը արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում արժանացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակին ։--0—