ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արմեն Ջիգարխանյանն այսօր տեղափոխվել է Մոսկվայի սրտաբանական հիվանդանոցներից մեկը սրտի լուրջ խնդիրների պատճառով, հինգշաբթի հայտնում է
Lifenews.ru–ն։
Դերասանին հիվանդանոց է բերել նրա երիտասարդ կինը։ Բժիշկները, լսելով հիվանդի գանգատները, նրան միանգամից տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ բուժզննության են ենթարկել նրան։
«Ջերմություն, գրիպ, ՍՇՎ, – պատմել է դերասանի կինը` Վիտալինան։ – Բանն այն է, որ երբ Արմեն Բորիսովիչի ջերմությունը բարձրանում է, մենք միշտ հիվանդանոց ենք պառկում։ Նա կմնա հիվանդանոցում մոտ մեկ շաբաթ»։
80–ամյա Արմեն Ջիգարխանյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի, որի ֆոնին անկայուն ստենոկարդիա է զարգացել։ Բուժզննության արդյունքներով նա կանցնի ինտենսիվ թերապիայի կուրս, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։
Արմեն Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ, Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը։ Խաղացել է մոտ 200 ֆիլմերում, նա իր անփոխարինելի ձայնով հնչունավորել է «Անորսալի Ֆունտիկ», «Ֆունտիկը և հետախույզները», «Ֆունտիկը կրկեսում», «Անճոռնի բադիկը», «Սաբբա. Զինվորի սիրտը» գլխավոր հերոսներին։ -0-